• ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ
  • ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
  • ԳԱՎԱԹ
  • ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐ
  • Հայաստան - Կիպրոս 1։1

    13 նոյեմբերի 2026 | 09:31:26 | 24 | Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

    Նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի 5-րդ տուրի շրջանակում ընդունեց Կիպրոսի ազգային հավաքականին և խաղաց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը այսպիսի մեկնարկային կազմ էր ընտրել՝ Ալեքսանդր Միշև, Նաիր Թիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Արտյոմ Բանդիկյան, Ուգոչուկվու Իվու, Կառլեն Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Նարեկ Գրիգորյան, Արթուր Ղարիբյան։

    Հանդիպման 7-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանը գրավեց Կիպրոսի ազգային հավաքականի դարպասը, սակայն մինչ այդ խախտում էր եղել, և գոլը չեղարկվեց։ Հաջորդ գրոհի ժամանակ հյուրերը բացեցին հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը՝ 0։1։ «Նռնագույնների» գոլահարը իր նորամուտն էր նշում Կիպրոսի հավաքականի կազմում։

    Հանդիպման 21-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը հեռվից կենտրոնով հարվածեց, սակայն դարպասապահ Ֆաբիանոն տեղում էր։ Խաղի 24-րդ րոպեին փրկվեցինք երկրորդ գնդակը բաց թողնելուց․ մրցակցի հարձակվողը սուր փոխանցում կատարեց, մեր պաշտպաններից մեկը շեղեց գնդակի ուղղությունը, Միշևը կորցրեց վերահսկողությունը, բայց, ի ուրախություն մեզ, գնդակը դարպասաձողի կողքով շեղ գլորվեց։

    27-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանը հերթական հարվածը կատարեց, Ֆաբիանոն գնդակը շեղեց անկյունային, իսկ մեկ րոպե անց Նարեկի ևս մեկ հարված փակեցին պաշտպանները՝ կրկին անկյունային։ Հայաստանի հավաքականը 34-րդ րոպեին հերթական շանսը ստացավ, բայց մեր մի քանի հարված մրցակցի պաշտպանները փակեցին, իսկ Բանդիկյանի վերջնական հարվածը շեղ էր։ 38-րդ րոպեին մրցակիցը գրոհ անցկացրեց և այն ավարտեց դարպասին ուղղված հարվածով, սակայն Ալեքսանդր Միշևը տեղում էր։

    Հայաստանի հավաքականն ակտիվ էր հարձակվում, սակայն մեր հարվածներն անընդհատ փակվում էին։ Իսկ մրցակիցը հակագրոհի արդյունքում 41-րդ րոպեին ունեցավ հերթական պահը․ անկյունայինի խաղարկումից հետո հորիզոնական դարպասաձողը փրկեց մեզ։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0։1 հաշվով՝ հօգուտ Կիպրոսի ազգային հավաքականի։

    Երկրորդ խաղակեսի մեկնարկում մեր հավաքականը կրկին ակտիվ էր, բայց մրցակցի պաշտպանները շարունակում էին փակել մեր հարվածները։ Հանդիպման 58-րդ րոպեին մեր հավաքականը կարողացավ հավասարեցնել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Արթուր Ղարիբյանը, ով գլխով կատարած հարվածով խոցեց Ֆաբիանոյի դարպասը՝ եզրափակելով Արթուր Սերոբյանի փոխանցումը։ 62-րդ րոպեին մեր հավաքականը ևս մեկ գոլ խփեց, սակայն մրցավարը ֆիքսեց խաղից դուրս իրավիճակ։

    67-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ևս մեկ պահ ունեցավ․ Արթուր Սերոբյանի հարվածից հետո դարպասապահը գնդակը հանեց անկյունային։ Խաղի 80-րդ րոպեի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականը շարունակում էր ճնշումը, մրցակիցը երկշերտ պաշտպանվում էր, բայց ունենում էր հակագրոհներ։ 82-րդ րոպեին մրցակիցը հարվածեց մեր դարպասին, բայց գնդակը շատ բարձր ընթացավ։

    Մրցավարը հիմնական ժամանակին ավելացրեց 3 րոպե։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին․ ամենավերջին վայրկյանին մեր հավաքականը ստացավ անկյունայինի իրավունք, բայց այն շատ վատ խաղարկեց։ Այսպիսով՝ ոչ-ոքի՝ 1։1։

    ԼՐԱՀՈՍ

    13 նոյեմբերի 2026 | 09:31:26
    Հայաստան - Կիպրոս 1։1
    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    ԼՐԱՀՈՍ

    13 նոյեմբերի 2026 | 09:31:26
    Հայաստան - Կիպրոս 1։1
    16 հոկտեմբերի 2026 | 18:56:15
    Ալաշկերտ - Սյունիք՝ 5։1
    10 հոկտեմբերի 2026 | 18:09:56
    «Վանը» հաղթեց «Գանձասարին»
    © 2026 ՀայՖուտբոլ.ԷյԷմ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը HayFootball.am-ին պարտադիր է:
    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: